Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Էդիտ Պիաֆ․ ձայն, որ ծնվել է ցավից

Էդիտ Պիաֆ․ ձայն, որ ծնվել է ցավից
21.12.2025 | 13:17

Նա չէր երգում՝ նա խոսում էր մեզ հետ այնտեղից, որտեղ սիրտը կտոր կտոր է, բայց դեռ ուժ ունի բաբախելու։

Էդիտ Պիաֆի ձայնը ժամանակ չի ճանաչում. այն բացում է մի դուռ դեպի հիշողություն, կորուստ, կիրք ու անզուգական ապրում՝ առանց զարդարանքի, առանց վախի։

Փոքրիկ էր, փխրուն, իսկ անվանումն էլ՝ մի կատակավոր մականուն՝ «Փոքր ճնճղուկ»։ Բայց նրա ձայնը ծածկում էր ամբողջ Փարիզը, հետո՝ ամբողջ աշխարհը։

Ծնվել էր փողոցում, տեսել մոր լքումը, մանկության մերկություն, հոր վիշտը, սիրեց, կորցրեց, կրկին սիրեց։ Նրա կյանքի յուրաքանչյուր բաժին դարձել էր երգ։ Իսկ երգը՝ մաքրում։

Երբ երգում էր՝

«Non, je ne regrette rien»,

դա չէր հնչում որպես եթերային երգիծանք, այլ որպես ճակատագրի դեմ կանգնած մարդու մերկ ճիչ։ Նա՝ ով սիրել էր ամբողջ ուժով, ապրել էր ծայրահեղության սահմաններում, ու մնացել էր մենակ, երգում էր առանց զղջման։

Ոչ թե որովհետև չկար զղջալու բան, այլ որովհետև ինքը՝ Պիաֆը, մաքրության մի տեսակ էր՝ լիակատար ճշմարտությամբ։ Զղջալը նրան չէր սազում. նա ապրել էր այնպիսի խորությամբ, որ նույնիսկ սխալներն իմաստ էին ստանում։

Պիաֆի երգերում կան սիրո բոլոր գույները՝ հիացմունքից մինչև խանդ, երջանկությունից մինչև կործանում։ Նա կարող էր նույն պահին և՛ աղոթել, և՛ անիծել՝ այնքան մարդկային էր։ Նա դարձավ Ֆրանսիայի մեծ ձայնը, բայց հենց այնպես՝ փողոցային երգչուհուց մինչև համաշխարհային բեմեր անցած մի ճշմարիտ ճամփորդության շնորհիվ, որի յուրաքանչյուր կայարանում կար ցավ, սեր ու մի ճակատագրական երգ։

Պիաֆի ձայնը մեզ հիշեցնում է՝ մեծ մարդը խիզախում է ապրել։

Չզղջալով, չթաքնվելով, առանց վախի։

Այսօր՝ նրա ծննդյան օրը, հիշենք նրան որպես երգ, որը շարունակվում է,

նույնիսկ երբ բոլոր լույսերը հանգել են։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ